Ռուսական նավթագազային ընկերությունները կդիմանան նավթի գնի անկմանը։ Այս մասին վկայում են ռուսական նավթագազային ընկերությունների սթրես- փորձարկման արդյունքները։
Այսպես, ըստ Fitch գործակալության, նավթի ցածր գները ուղղակիորեն չեն անդրադառնա ռուսական նավթագազային ընկերությունների վարկանիշին, քանի որ ֆինանսական ճկունության շնորհիվ նրանց հիմնարար ցուցանիշները կայուն են ընթացիկ վարկանիշային մակարդակների համար։ Պատժամիջոցների հնարավոր խստացումը, արտաքին ֆինանսավորման պակասը եւ սուվերեն վարկանիշի անկումը այս պահին ՌԴ նավթագազային ճյուղի առավել կարեւոր գործոններն են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fitch գործակալության փորձագետներին։
Fitch-ի սթրես-փորձարկումը մոտ ապագայում նավթային գնանշումների աճ չի կանխատեսում։ 2015-2017թթ. մեկ բարել նավթի միջին արժեքը կպահպանվի 55 դոլարի սահմաններում այն պարագայում, երբ դոլարի փոխարժեքը ռուբլու հանդեպ կկազմի 60 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Այս պայմաններում վառելիքաէներգետիկ համակարգի ընկերությունների վարկային բեռը տանելի կլինի ընթացիկ վարկանիշների համար։
Սրանից զատ, Fitch-ի փորձագետները կարծում են, որ, ի տարբերություն իրենց մրցակիցների, ռուսական նավթագազային ընկերությունների շահույթի ցածր փոփոխականությունը թույլ կտա ռուսական վառելիքաէներգետիկ համակարգին ընթացիկ պայմաններում պահպանել վարկային վարկանիշը։


























