Չինաստանում սպանության մեղադրանքով մահապատժի են ենթարկել «Ամենազոր աստծո եկեղեցի» կրոնական աղանդի երկու անդամներին, գրում է The Indepenedent-ը: 2014թ. մայիսին աղանդավորները McDonald's ռեստորանում ծեծելով մահվան են հասցրել մի կնոջ, ով հրաժարվել է միանալ այդ եկեղեցուն:

Նշվում է, որ տվյալ գործի շրջանակներում դատարանի առաջ են կանգնել ծեծին մասնակցած տվյալ աղանդի 5 անդամներ: Քննության տվյալներով՝ աղանդավորները կարծել են, որ կնոջ մեջ «չար ոգի» է ապրում: Երբ կինը հրաժարվել է նրանց տալ հեռախոսահամարը, նենգամիտները նրան ծեծել են աթոռներով եւ սեղաններով, հայտնում է Gazeta-ն:

Երկու տղամարդկանց դատապարտել են մահապատժի, երրորդին՝ ցմահ բանտարկությանը, եւս երկուսին՝ 7 եւ 10 տարվա ազատազրկման:

«Ամենազոր աստծո եկեղեցին» հիմնվել է Հենան նահանգի բնակչի կողմից, ով իր կնոջը հռչակել էր Քրիստոսի մարմնավորում: Աղանդը պաշտոնապես արգելված է Չինաստանում, քանի որ այն կոչ է անում պայքարել «Կարմիր դեւերի»՝ Չինաստանի իշխող կուսակցության դեմ: