Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին զենք է վաճառում եւ Չեռնոգորիայի տարածքից հակամարտության կողմերի համար բեռնված զենքերով 38 թռիչք է իրականացվել, հայտարարել է Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը՝ ելույթ ունենալով Վաշինգթոնի Քենանի ինստիտուտի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասի անվտանգությունն ու էներգետիկայի հարցերը Ուկրաինայից հետո» համաժովին:

Ինչպես հայտնում է Վաշինգթոնում NEWS.am-ի թղթակիցը, փորձագետի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը աստղաբաշխական գներով բարձրտեխնոլոգիական զենք է գնում Ռուսաստանից, հայկական կողմը Ռուսաստանից ձեռք է բերում առավել հնացած զենք, սակայն չափազանց հասանելի գներով:

«Այսպիսով, թեեւ դա տարօրինակ է հնչում, սակայն Ադրբեջանը անուղղակիորեն օգնում է Հայաստանին Ռուսաստանից ավելի ցածր գներով զենք ձեռք բերելու հարցում՝ Ռուսաստանին փոխանցելով հսկայական գումարներ եւ Հայաստանի համար սուբսիդիաներ ֆինանսավորելով», - նշել է Բլանքը: Նրա խոսքով՝ եթե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն, ապա Ռուսաստանը կարող է ուղղակիոերն միջամտել հակամարտությանը, եւ դա «շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան հենց ինքը՝ պատերազմը»:

Ամերիկացի փորձագետների կարծիքով, Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարագավորման մեջ: Մոսկվային ցանկալի է ղարաբաղյան հակամարտությունը թողնել չկարգավորված, սակայն սառեցված վիճակում, կարծում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների (CSIS) Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջեգրի Մանքոֆը: Նա նշել է, որ Ռուսաստանը միանշանակ Հայաստանին հասկացնում է, որ անվտանգության միակ երաշխավորն է:

Սթիվեն Բլանքն առաջարկել է ավելի լայն դիտարկել հարցը եւ հավելել, որ Ուկրաինական իրադարձություններից հետո Ռուսաստանը հստակորեն հասկացրեց, որ կմասնատի ցանկացած հարավկովկասյան երկրի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «Մոսկվան միանշանակ ցույց է տալիս, որ ցանկության դեպքում անմիջապես կոչնչացնի այդ երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխխանությունը եւ որ Արեւմուքը նրանց չի օգնի», - հավելել է նա:

Փորձագետները նաեւ քննադատության են ենթարկել Հարավային Կովկասում պաշտոնական Վաշինգթոնի պասիվ դերը: Նրանց կարծիքով, Միացյալ Նահանգների պասիվությունը Կովկասում դիտարկվում է՝ որպես թուլություն:

Իր հերթին, Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Ալսթադն Վաշինգթոնին առաջակել է կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել եւ նպաստել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների անցկացմանը՝ չսպասելով միջնորդական ջանքերին: