«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել  քաղաքացիական ուղերձով, որտեղ նշում է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի:

Ուղերձում ասվում է.

«Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:

Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:

Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի:

Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:

Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:

Փետրվարը բարով բացվի»:

Ամենայն հավանականությամբ նման ուղերձի առիթ է դարձել «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի անդամների նկատմամբ բռնության դեպքը Բերձորում:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։

«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու: