ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ապօրինի ազատությունից զրկելու եւ բռնաբարության փորձի դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-138-րդ հոդվածի 1-ին մասով կատարված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Հայկ Բ.-ն 2014թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն ամրակցված՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությանը պատկանող ավտոբուսով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքով երթեւեկելիս կանգ է առել կանգնելու նշան անող Յուլիա Ա.-ի մոտ եւ համաձայնել նրան տեղափոխել վերը նշված վարչական շրջանի 3-րդ թաղամաս:
Ճանապարհին տեղեկանալով, որ վերջինս ժամանել է այլ երկրից, չի տիրապետում հայերենին եւ մոլորվել է` տվյալ տարածքում գիշերային ժամին Յուլիա Ա.-ի գտնվելու պատճառները պարզելու, նրա անձի, վարքագծի վերաբերյալ իր երեւակայությամբ առաջացած կասկածները ճշտելու նպատակով առանց նրան առեւանգելու մտադրության մեքենան վարել է տարբեր ուղղություններով եւ Յուլիա Ա.-ին ավտոբուսից իջնելու հնարավորություն չի տվել:
Ոստիկանության աշխատակից Հայկ Բ.-ն շուրջ չորս ժամ նրան ապօրինի զրկել է ազատությունից, այդ ընթացքում Յուլիա Ա.-ի կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել, թույլ չի տվել հանել զգեստը, ոտքով հարվածել ու ոստիկանին մի կողմ է հրել, եւ այդ պայմաններում Հայկ Բ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:





























