Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մինչեւ հուլիսի 1-ը Շրջանառության մասին նոր օրենքի կասեցումը հարցի լուծում չի համարում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ շենքի մոտ լրագրողներին ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«ՀՀ գործող իշխանությունը փորձում է ամեն ինչ երկարացնել, որպեսզի կարողանա պաշտոնավարել: Այս գործողությունները դրան են միտված, բայց բուն հարցի լուծումը տրված չէ: Պետք է հստակ քաղաքականություն մշակվի, որ տնտեսվարողների համար մատչելի լինի իրենց ապագա գործունեության ծավալումը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ խոհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը, ըստ նախնական հայտարարության, այսօր օրենքը քննարկելու համար արտահերթ նիստ են նախաձեռնելու:
Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:





























