Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պահանջում են միջին եւ փոքր բիզնեսի հարկահավաքման հարցով արտահերթ նիստ հրավիրել ։ Այս մասին փետրվարի 2-ին հրավիրված խորհրդարանի նիստին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Նա կոչ է արել մեծամասնություն կազմող խմբակցությանը (ՀՀԿ) չխոչընդոտել արտահերթ նիստ հրավիրելուն՝ քննարկելու համար «Շրջանառության հարկի» մասին նոր օրենքը, որը բողոքի ալիք էր առաջացրել փոքր եւ միջին հարկատուների շրջանում։
«Հուսով եմ՝ դուք կձեռնարկեք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի արտահերթ նիստը այսօր կայանա»,- նշել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ոչ իշխանական եռյակը («Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Ժառանգություն») հավաքել է փետրվարի 2-ին, ժամը 18։30-ին «Շրջանառության հարկի» մասին նոր օրենքի հարցով խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ բոլոր 44 ստորագրությունները։





























