Մոր սպանության մեջ մեղադրվող, Երեւանի բնակիչ, 46-ամյա Սամվել Դարբինյանն այսօր՝ փետրվարի 2-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը մեղադրյալին ներկայացրեց վերջինիս հանրային պաշտպան՝ Տիգրան Գրիգորյանին, որից հետո որոշվեց նախքան մեղադրյալին հարցաքննելը դատաքննության փուլը սկսել վկաների հարցաքննությամբ, ապա անհրաժեշտության դեպքում հարցաքննել տուժողի իրավահաջորդին, ուսումնասիրել գրավոր ապացույցները եւ միայն հետո անցնել մեղադրյալ Սամվել Դարբինյանի հարցաքննությանը։
Մեղադրողի եւ հանրային պաշտպանի համաձայնությամբ դատական նիստը հետաձգվեց:
Դատարանի բակում հավաքված՝ Սամվել Դարբինյանի հարազատները նշեցին, որ իրենք նույնպես համաձայն չեն Սամվելի դեմ ներկայացված մեղադրանքին, եւ չեն հավատում, որ Սամվելը նման քայլի ընդունակ էր:
«Ինքն իր մամայի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, ես մի քիչ չեմ հավատում, որ ինքը տենց բանի ընդունակ էր, ուղղակի մեր երկրում ամեն ինչ սիրում են չափազանցնել»,- NEWS.am-ին ասաց Սամվել Դարբինյանի հորաքրոջ տղան՝ Կարեն Վարդազարյանը՝ նշելով, որ Սամվելն ամուսնալուծված է եւ ունի մեկ զավակ:
Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության Սամվել Վիկտորի Դարբինյանը 2014թ. հունիսի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իրեն պատկանող բնակարանում մոր` Ալվինա Ավետի Դարբինյանի կողմից ոգելից խմիչք օգտագործելու դիտողությունը ցավագին ընդունելով և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ մարմնի տարբեր մասերին պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ, ինչի հետեւանքով կինը մահացել է։





























