Հունվարի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Արմավիրի Երեւանյան փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վարդան Բ.-ին, 1986 թ. ծնված Սերոբ Դ.-ին, 1975 թ. ծնված Արայիկ Պ.-ին, 1990 թ. ծնված Տիգրան Ղ.-ին, իսկ ժամը 22.55-ին Բաղրամյան փողոցից` 1990 թ. ծնված Ռազմիկ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Արայիկ Պ.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, չորացված եւ մանրացված դեղնականաչավուն, սուր հոտով զանգված: Նա հայտարարել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Ռազմիկ Դ.-ից:
Վարդան Բ.-ի կիսավերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ վերջինս հայտարարել է, որ այն 15.000 դրամով ձեռք է բերել Սերոբ Դ.-ից:
Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























