Եթե մարդկանց կարելի է տեսնել գույների մեջ, ապա Սարեն արծաթագույն-մոլոշավարդի գույն ունի: Նիհար, գեղեղիկ գլխով եւ խորաթափանց հայացքով կինը զուսպ է իր շարժումների եւ հոգեկան հույզերի մեջ: Միայն մոտիկից շփվելով կարել է զգալ՝ թե ինչ ուժ եւ անտեսանելի լույս ճառագում նրանից:
Հայտնի նկարչուհու (ով ցուցահանդեսներ է ունեցել Նյու-Յորքում, Փարիզում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում եւ Երեւանում) կյանքը հավանաբար նրանից մեծ էներգիա է պահանջում:
Ինչպիսի՞ն է կյանքը Ֆրանսիայում.
Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Իհարկե, կան խնդիրներ ինչպես աշխատանքի, այնպես էլ կյանքի ռիթմի հետ կապված՝ ինչպես ամենուր: Սոցիալապես այն ավելի հարմարավետ երկիր է՝ օրինակ, նույն Ամերիկայի համեմատ:
Դուք երեւանից Ֆրանսիա եք մեկնել 1991թ.: Ի՞նչն էր պատճառը.
Ինձ 3 ամսով հրավիրել էին ցուցահանդեսի, այնուհետեւ ես մեկնեցի Հոլանդիա, որտեղից կրկին վերադարձա Ֆրանսիա, որտեղ էլ ծանոթացա ապագա ամուսնուս հետ եւ տեղափոխվեցի այնտեղ:
Դուք արդեն 24 տարի ապրում եք Փարիզում: Ի՞նչպես եք Ձեզ զգում՝ միգրա՞նտ, թե՞ փարիզուհի.
Ես ոչ մի տեղ այնպիսի զգացողություն չունեմ, որ տանը չեմ: Ես ինձ ամենուր հարմարավետ եմ զգում: Ամենուր, որտեղ աշխատելու հնարավորություն եմ ունենում:
Ասացեք, ըստ Ձեզ՝ ֆրանսիացիները միգրանտներից չե՞ն հոգնել, այդ թվում՝ հայերից:
Հայերից ոչ ոք չի հոգնել, քանի որ հայերն իրենց բավականին ադեկվատ են պահում:
Այս կապակցությամբ չեմ կարող չանդրադառնալ Ֆրանսիայում ծայր առած վերջին իրադարձություններին: Խոսքը «Շառլի Էբդո» երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման մասին է: Այստեղ հարց է ծագում. կրոնը կարո՞ղ է ծաղրի առարկա լինել:
Անկասկած: Քանի՞ հանճարեղ անեկդոտներ կան թաղումների մասին: Եթե մարդու մահը կարող է ծաղրի առարկա լինել, ապա…
Համաձայնեք, որ Մուհամեդ մարգարեի շատ ծաղրանկարներ բացահայտ գռեհիկ են ու սադրիչ…
Նրանք Քրիստոսի ճիշտ նույն ծաղրանկարներն են արել: Իսկ քանի-քանի հրեաների ծաղրանկարներ են արել… Չեք հավանում՝ կարող եք չգնել: Ի դեպ, հանդեսը ոչ մեծ տպաքանակով էր թողարկվում:
Իսկ միլիոնավոր ֆրանսիացիներ փողոց էին դուրս եկել...
Ոչ թե կոնկրետ թերթի պաշտպանության, այլ խոսքի ազատության պաշտպանության համար։ Որպեսզի կարողանանք ազատ խոսել ցանկացած թեմայով, եւ մեզ ոչ ոք չսպանի։
Իսկ չի ստեղծվում տպավորություն, որ ֆրանսիացի ծաղրանկարիչները խոսքի ազատության քողի ներքո վիրավորում են հավատացյալների զգացմունքները, եւ խոսքը չի գնում միայն մուսուլմանների մասին։
Հասկանում եք, ինչումն է բանը։ Ֆրանսիայում չկա օրենք, որն արգելում է կրոնական թեմաներով կատակներ անել։ Այ եթե օրենք լինի, որով կարգելվի կրոնական գործիչներին պատկերող ծաղրանկարներ նկարել, այդ ժամանակ օրենքին կհետեւեն, իսկ այն խախտողներին կպատժեն։
Կարծում եք, այս ողբերգական դեպքից հետո Ֆրանսիայի իշխանությունները չե՞ն մտածի նման օրենքի մասին։ Վերջին հաշվով, երկրում մի քանի մլն մուսուլման է ապրում։
Ոչ, շատ երկրներ կան, որտեղ արգելվում է կատակներ անել կրոնական թեմաներով։ Նրանք կարող են տեղափոխվել եւ քաղաքացիություն խնդրել այդ երկրներից։ Սահմանադրության համաձայն՝ Ֆրանսիան աշխարհիկ պետություն է, եւ այնտեղ ապրող մուսուլմանների պատճառով երկրի Հիմնական օրենքը չի փոխվի։
Եկեք մի փոր խոսենք Ձեզնից։ Ձեր իսկական անունն է Եվգենյա Սարգսյան։ Ինչպե՞ս է ծագել Saré կեղծանունը։
- Անունս հեշտ արտասանելու նպատակով։ Դա հապավում է ՍԱՐ-գսյան Ե-վգենյա։
Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Դուք նշել եք. «Նույնիսկ իմ շրջապատի ամենամտերիմ մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր որոշակի զգուշավորությամբ են վերաբերվում իմ գործերին»։ Կպարզաբանեիք...
Կարծում եմ, հումորի զգացողությունից զուրկ մարդիկ չեն սիրում իմ գործերը, նույնիսկ վախենում են դրանցից։
Իմիջիայլոց Ձեր կտավների մասին։ Դուք նկարու՞մ եք նույն ընտանիքի անդամներին։
Կարծում եմ, այո։ Նրանք բոլորը, ինչպես հայերը, մեկը մյուսին կապված են ազգակցական կապերով։
Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կողմից «քթին» հատկացվող այդքան մեծ ուշադրությունը։
Ըստ իս, քիթը մարդու դեմքի ամենաարտահայտիչ մասն է։
Վերջին թեման, որին կցանկանայի անդրադառնալ։ Այստեղից մեկնող հայերից շատերը գաղտնի երազում են օր ծերության վերադառնալ հայրենիք։ Ձեզ մոտ նման մտքեր չե՞ն առաջանում։
Ես մտածում եմ, որ այդպես էլ կլինի: Գիտեք, երբ ես քսան տարեկան էի, մենք մի քանի մոտ ընկերներով որոշեցինք, որ ծեր հասակում կահավաքվենք բոլորս մի ծերանոցում:
Ձեզ դու՞ր է գալիս ծերանոցների գաղափարը:
«Ծերանոցը» զզվելի արտահայտություն է, իսկ ինքը երեւույթը ես համարում եմ հասարակության զարգացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Մի քանի սերնդի ներկայացուցիչ չպետք է մի տան մեջ ապրեն: Բացի այդ, գալիս է մի պահ, երբ դու իրավիճակի չես լինում ինքդ քեզ հետեւել, իսկ քո հարսը մշտապես դժգոհելով ստիպված դա անում է: Ինչու՞ պետք է այդպես լինի: Չէ՞ որ փոխարենը դու կարող ես ունենալ սեփական սենյակ, որակյալ բուժօգնություն եւ շփվելու հնարավորություն:
Բայց այս ամենը արդյո՞ք կարող է փոխարինել հարազատների ներկայությունը: Արդյո՞ք ծերերը իրենց լքված չեն զգա:
Եկեք խոստովանենք, որ հարաբերությունները ընտանիքում հիմնականում հեռու են իդեալական լինելուց: Իսկ ինչ վերաբերվում է իրենց «լքված զգալուն», ապա հիմնականում մարդիկ իրենց այդպես են զգում ոչ թե հասարակության կամ հարազատների պատճառով, այլ այն պատճառով, որ նրանք ճիշտ հեռանալու մշակույթ չունեն:
Հեռանալ իրենց իսկ տնի՞ց:
Ամեն տեղից: Գիտեք, Ֆրանսիայում շատերը նախապես են պատրաստվում ծերանոց տեղափոխվելուն, երբեմն նույնիսկ զույգերով:
Փաստորեն, իմ տունն այլեւս իմ ամրոցը չէ՞: Տարեցների համար դժվար է հեռանալ տնից:
Այստեղ՝ այո: Բայց Ֆրանսիայում եւ Ամերիկայում մարդիկ ավելի թեթեւ են նայում այդպիսի բաներին:
Ինչպե՞ս կարելի է տեղափոխվել ձեր ծերանոց:
Միայն ծանոթով:
Այսինքն հայ հասարակության լավագույն ավանդույթների համաձա՞յն:
Ինքներդ դատեք: Մեր իդեալական ծերանոցի իմաստն այն է, որ դրա բնակիչները պետք է ծանոթ լինեն միմյանց: Չէ որ դրա մասին կարելի է միայն երազել՝ ունենալ սեփական սենյակը եւ շրջապատված լինել մարդկանցով, որոնց դու գիտես եւ որոնց սիրում ես ավելի քան 50 տարի: Մի՞թե դա լավ չէ:








































