Շվեդիայի բնակիչները զվարճանում են՝ տարբեր, այդ թվում՝ ձյան պայմաններում երթեւեկելու համար խորհրդային տանկեր գնելով: Երկրի հյուսիսային Նորլանդ շրջանում բնակվող եւ ավելորդ 100 հազար շվեդական կրոն (շուրջ 12 հազար դոլար) ունեցող շվեդների ձմեռային արտասովոր զվարճանքների մասին գրում է The Local-ը:
Շվեդիայում լայն արձագանք է գտել Յեսպեր եւ Յորքեր Լայսել երկվորյակ-եղբայրների ձեռքբերումը՝ 1960-ական թվականների վերջին ԽՍՀՄ-ում ստեղծված լողացող զրահատեխնիկան: 25-ամյա Յեսպերը լրագրողներին ասել է, որ ձյունագնաց գնելը, որը նույնպես 100 հազար դոլար արժե, ձեռտնու չէ, քանի որ դրանով կարելի է երթեւեկել միայն ձյան տեղումների ժամանակաշրջանում: Իսկ տանկով կարելի է երթեւեկել ցանկացած ճանապարհներին:
Ըստ Newsru-ի, Բուլղարիայում արտադրված տանկը մայրուղում մինչեւ 60կմ/ժ արագություն կարող է զարգացնել եւ մինչեւ 30 կմ/ժ՝ դժվարանցանելի տեղանքում:
Յեսպեր Լայսելի խոսքով, ձյան վրա այն կառավարելն ավելի դյուրին է, քան սովորական պայմաններում: Նա նաեւ խոստովանել է, որ հայրն ու ընտանիքի մյուս անդամները փորձել են իրենց հետ կանգնեցնել տանկ գնելու որոշումից, բայց չի հաջողվել: Եվ հիմա նրանք ձյունառատ տարածությունները հաղթահարում են խորհրդային տանկով:





























