ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանից դոկտոր Պատրիկ ՄաքՀովերնը հնագույն մի քանի ըմպելիք է պատրաստում, որոնց բաղադրատոմսը վաղուց կորսված է: Այս մասին գրում է ТСН-ը:
Դրա համար նա օգտագործել է հնագույն անոթների բեկորների վրա գտած մնացորդները, ինչպես նաեւ հին գրառումները: Այդպիսով, դոկտոր ՄաքՀովերնը կարողացել է վերստեղծել խմիչքներ, որը Չինաստանում օգտագործել են 9.000 տարի առաջ, ինչպես նաեւ ըմպելիք, որը, նրա կարծիքով, մ.թ.ա. VII դարում խմել է Միդաս արքան:
Ըստ Mignews-ի, հետաքրքիր է, որ ըմպելիքները լաբորատորիայում չեն մնացել. դրանք պատրաստում եւ վաճառքի է հանում Dogfish Head գարեջրագործարանը:
Օրինակ՝ Միդաս արքայի ըմպելիքի «փունջը» ներառում է մեղր, ճերմակ խաղող (մուսկատ) եւ շաֆրան: Իսկ աշխարհի ամենահին ըմպելիքը չինականն է, որը բաղկացած է ալոճից, բրնձից, գարուց եւ մեղրից:
Ընդհանուր առմամբ, գիտնականին հաջողվել է 6 հնագույն ըմպելիք վերստեղծել: Բացի չինական եւ հունական խմիչքներից, նա ստացել է նաեւ Հոնդուրասի, հին եգիպտական, դանիական եւ այլ ըմպելիքներ:





























