Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի սպանդի գործում տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Եգոր Ադամյանի ներկայացուցիչներ են ներգրավվել փաստաբաններ Թամարա Բաղդասարյանն ու Երեմ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։
Մեր տեղեկություններով, նրանք այսօր հանդիպել են Ավետիսյանների հետ եւ որոշում է կայացվել, որ քրգործում ներգրավվեն որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։ Առայժմ Ավետիսյանների կողմից այլ փաստաբան ընդգրկված չէ։ Տուժողի եւս երեք իրավահաջորդ դեռ ներկայացուցիչներ չունեն։
Նշենք, որ Թամարա Բաղդասարյանը ընդգրկվել է գործում որպես հանրային պաշտպան, իսկ Երեմ Սարգսյանը կամավոր ցանկացել է պաշտպանել Ավետիսյանների շահերը։
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:





























