Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների խախտում է հայտնաբերել Գլխավոր դատախազության գործողություններում:

Պաշտպանին դիմած փաստաբանը նշել է, որ դատական գործի շրջանակներում մեղադրող դատախազը հայհոյանքներ է ուղղել իր պաշտպանյալի մոր հասցեին:

Դեպքի կապակցությամբ Դատախազությունից հայտնել են, որ թեեւ «Դատախազի վարքագծի կանոնագրքով» դատախազը պետք է լինի պարկեշտ, զուսպ եւ հավասարակշիռ, սակայն տվյալ դեպքում դատախազի արարքը դրսեւորվել է սադրանքի եւ առաջացած հոգեկան հուզմունքի պայմաններում, հետեւաբար չի կարող դիտվել որպես էական խախտում:

Գործն ուսումնասիրելուց հետո Օմբուդսմենը որոշել է, որ Դատախազության գործողությունների հետեւանքով խախտվել է քաղաքացու իրավունքը. մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է, իսկ դատախազի հիմնական պարտականություն է Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը:

Օմբուդսմենն առաջարկել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու համար եւ կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած պաշտոնյային: