Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը եւ Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արեւմուտքի հետ հակամարտության լույսի ներքո: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին ասվում է «Ստրատֆոր»ի հետազոտակաան կենտրոնի զեկույցում։
Կենտրոնի փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29-ի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնչբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը խորն է ու ամուր: Իսկ Հայաստանը աճող դժվարությունների է հանդիպում Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի:
«Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշում են, որ երկու երկրներն էլ հավանաբար կպահպանեն Ռուսաստանի հանդեպ իրենց ռազմավարական կողմնորոշումը, բայց Բելառուսն ու Հայաստանը շարունակաբար կվերագնահատեն իրենց դիրքորոշումը, կապված այն բանի հետ, թե Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ պայքարը ինչի կհանգեցնի:
Զեկույցում առանձին անդրադարձ կա երկու երկրներից յուրաքանչյուրին: Նշված է, որ Հայաստանը երկար ժամանակ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվայի հանդեպ Հայաստանի կողմնորոշման հիմնական գործոնը Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ հակամարտությունն է: Այն բանից հետո, երբ վեցամյա պատերազմում Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, Ռուսաստանը դարձավ Հայաստանի անվտանգության դե ֆակտո երաշխավորը: Հաստանում տեղակայված ռուսական 5 հազարանոց զորախումբը զսպում է տարածքները վերադարձնելու Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունները, ինչպես նաեւ պաշտպանում է Կովկասին հարեւան մեծ տերությունների՝ Թուրքիայի ու Իրանի հետ Հայաստանի սահմանները:
«Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշում են, որ ամեն դեպքում Ուկրաինայի ճգնաժամը ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով աճել է լարվածությանը, հրադադարը խախտման բռնկումներ տեղի ունեցան 2014-ի օգոստոսին, իսկ նոյեմբերին ադրբեջանական զորքերը հայկական ուղղաթիռ խփեցին: Ադրբեջանը հակամարտությունում ավելի մանեւրելու հնարավորություն է ձեռք բերել էներգետիկ ռեսուրսների հաշվին, ինչպես նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի ուշադրությունը բեւեռված է Ուկրաինայի իրադարձությունների վրա:
«Այս գործոններով պայմանավորված Հայաստանը հարցականի տակ է դնում Ռուսաստանի հանձնառություն որպես անվտանգության երաշխավորի, հատկապես, որ Մոսկվան թույլ արձագանքեց հայկական ուղղաթիռը խփելու միջադեպին: Հայաստանը պատասխան որեւէ ուժեղ գրոհ չձեռնարկեց, իսկ հունվարի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ խփված ուղղաթիռը շեղվել էր կուրսից, ու նաեւ հայտնեց, որ միջադեպի պատճառով պաշտոնանկություններ են կատարվել»,- նշված է զեկույցում։
«Ստրատֆոր»-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ապշեցուցիչ ու արտառոց խոստովանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից օգտվելու փորձեր կարող են անել Արեւուտքը եւ Թուրքիան:
«Ամեն դեպքում Հայաստանը կզգուշանա շատ հեռու մնալ Ռուսաստանից: Չնայած վերջերս Գյումրիում ռուս զինվորը մի ընտանիք սպանեց, ինչի պատճառով Հայաստանում վիճաբանություն եւ ցույցեր տեղի ունեցան, այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանը կանգնեց Մոսկվայի կողքին: Օհանյանն ասաց, որ միջադեպը չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերություններում՝ նշելով, որ Հայաստանում ռուսական ռազմական առկայությունը տարածաշրջանային մեծ խնդիրներ է լուծում», կարծում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները։





























