Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Ախթամար» ռեստորանային համալիրում գտնվող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Աշխատակիցներից Նառա Հակոբյանը NEWS.am-ին պատմեց, որ ապրիլից գործող խաղատան աշխատակազմին միայն առաջին երկու ամիսներին է ամբողջական աշխատավարձ վճարվել:
«Խաղատունը Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովին-խմբ.) է պատկանում: Բայց ինքն այն աշխատացնում էր Արթուր Բաբայանի միջոցով, նրա հետ էինք մենք աշխատում: Մայիս, հունիս ամիսներին նորմալ տվել են աշխատավարձը, դրանից հետո՝ ուշացումներով: Սեպտեմբերին, որ գիշերները չքնելով աշխատել ենք, սառեցրել են, հոկտեմբերը հազիվ մասամբ մարել են մինչեւ դեկտեմբերի վերջ: Մարդիկ կան, որ մինչեւ այժմ դեռ օգոստոսի պարտքեր ունեն: Նման ձեւ աշխատելն ու գցվելը ճիշտ չի: Խաղատանն աշխատում են մարդիկ, որոնք մեծ կարիքի մեջ են: Էդ 120-150 աշխատատեղերը բոլորս գիտենք: Մենք կազինոյում օր ու գիշեր աշխատում ենք, որ մի փոքր ավելի գումար ստանանք»,- ասաց Նառա Հակոբյանը:
Խաղատան մոտ 60 աշխատակիցներից ոմանք, որ օտարերկրացիներ են եղել, մեկ-երկու ամիս առանց վարձատրության աշխատելուց հետո հեռացել են՝ այդպես էլ չստանալով աշխատավարձերը: Մյուսներին, ինչպես պատմեց աշխատակցուհին, տնօրինությունը հորդորել է մնալ ու աշխատել, եթե ուզում են աշխատավարձերը հնարավորինս շուտ ստանալ. «Մենք գերի ընկած աշխատել ենք: Ասել են՝ ով աշխատի, մեր հետ ա, կտանք աշխատավարձերը, ով գնաց՝ երբ կլինի, կտանք»:
Աշխատակիցները դեկտեմբերի 5-ից դադարել են աշխատել: Տնօրինությունը նրանց խոստացել է մինչեւ փետրվարի 1-ը վճարել աշխատավարձերը, սակայն չի կատարել խոստումը:
«Աշխատակազմի համբերության բաժակը լցվեց, դուրս եկանք աշխատանքից, խաղատունը չաշխատեց: Խոստանում էին, ասում էին՝ լավ տղու խոսք ենք տալիս, փետրվարի 1-ով բոլոր պարտքերը կմարվեն, սա ենք անում, նա ենք անում, բայց ոչինչ էլ չարեցին»,- ասաց Նառա Հակոբյանը՝ նշելով, որ խաղատունը 80-100 հազար ԱՄՆ դոլար է պարտք աշխատակիցներին:
Խաղատան մի քանի տասնյակ աշխատողները նամակ են ուղղել վարչապետին՝ խնդրելով միջամտել իրենց հարցին: Նրանք փետրվարի 2-ին դիմել են նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Աշխատակիցները վճռական են տրամադրված, նրանք կդիմեն անգամ նախագահին, եթե իրենց հարցը լուծում չստանա:





























