Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու եւ հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն:

Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարեց ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ հունվարի 31-ին, «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։

«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու: