Կիրովի անվան մանկական զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված եւ բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

«Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի  կողմից եւ արժանացել դրական կարծիքի։

Տարածքում աշնանն իրականացվել է ծառերի սանիտարական էտ, որից հետո կատարվել են միայն մացառուտների հեռացման աշխատանքներ՝ նորատունկ ծառերով համալրելու նպատակով։

Ի դեպ, նաեւ այս զբոսայգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն է ներկայացվել դեռեւս 2014թ. ապրիլին Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որին հրավիրված են եղել բոլոր լրատվամիջոցները: Այդ մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:

Ավելորդ չենք համարում նաեւ տեղեկացնել, որ զբոսայգում իրականացվող աշխատանքների մասին իրազեկող համապատասխան վահանակը աշխատանքների մեկնարկի օրից փակցված է զբոսայգու գլխավոր մուտքի մոտ եւ հասանելի ու տեսանելի է բոլորին»,-ասված է հաղորդագրության մեջ: