«Ամբերդ» պատմամշակութային համալիրի խաչմերուկից դեպի «Արագած» բարձրադիր գիտակայան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն հնարավոր է անցնել առանց խոչընդոտների:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ շուրջ 13 կմ երկարությամբ ավտոճանապարհի առանձին հատվածներ գտնվում էին վատ կամ խիստ քայքայված վիճակում: Առաջացել էին տարբեր խորությամբ եւ մակերեսով փոսեր, որոնց հետեւանքով ճանապարհահատվածը դարձել էր անանցանելի:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարներն կատարել են ճանապարհի փոսային նորոգման եւ երթեւեկելի մասի առանձին հատվածների վերակառուցման աշխատանքներ: Վերանորոգված ճանապարհը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս առանց արգելքների այցելել «Ամբերդ» պատմամշակութային համալիր եւ «Արագած» բարձրադիր գիտակայան:
Ճանապարհը վերականգնվել է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը 66. 584.400 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:





























