Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի սպանդի գործում տուժողների 5 իրավահաջորդների կողմից ընդգրկվել են ներկայացուցիչներ: Փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը կներկայացնի Ավետիսյանների դուստրերի՝ Լուսինեի, Անահիտի, Լուսինեի ամուսնու՝ Եգորի, Հասմիկի քրոջ՝ Ռիտայի շահերը: Գործում որպես հանրային պաշտպան ընդգրկված Թամարա Բաղդասարյանն էլ Լուսինեի, Եգորի, Ռիտայի եւ Ավետիսյանների հարսի հոր՝ Անդրանիկի ներկայացուցիչն է:
Երեմ Սարգսյանը նշեց, որ գործի նյութերը շատ ծավալուն են, որոշ չափով է հասցրել ծանոթանալ դրանց, առայժմ որեւէ բան չի կարող ասել: Նա նշեց, որ նախ ամբողջական կծանոթանա գործի նյութերին, վստահորդների հետ կքննարկեն եւ դրանից հետո միայն գործի քննության մասին դիրքորոշումներ կհայտնեն: Փաստաբանը տեղեկացրեց, որ բացի գործի շրջանակներում ընդգրկվելուց երեկ իրենց ծանոթացրել են որոշակի փորձաքննությունների նշանակման որոշումներին, օրինակ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական եւ այլն, դրանց շարքում դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու որոշում չկար: Հայտնի չէ, թե ինչ գործողություններ են պատրաստվում անել Ավետիսյանների իրավահաջորդները: Անդրադառնալով Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ իր ռուս գործընկերոջը դիմելուն՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ խոստում էր տվել, պետք է դիմեր, նմանատիպ քայլերը ցանկալի են, մնում է սպասել, թե որքանով արդյունավետ կլինի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են:





























