«Չեմ կարող ասել, որ Երեւանը աշխարհի ամենասիրուն քաղաքն է, սակայն այն ունի յուրահատուկ բնավորություն, մթնոլորտ»,- հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին։

«Ստալինյան ժամանակաշրջանը բարեբախտաբար այդքան շատ հետք չի թողել Երեւանի ճարտարապետական տեսքի վրա, որքան մնացած խորհրդային պետություններում, քանի որ դուք ճարտարապետության մեջ պահպանել եք ձեր ազգայինը, հատկապես  քաղաքի կենտրոնում»,-ասաց կինոռեժիսորը՝ հավելելով որ Երեւանն իրեն այդ առումով հիշեցնում է Երուսաղեմը։

«Այնտեղ կա խիստ օրենք՝ բոլոր պատերը պետք է քարապատված լինեն, եւ դա է պատճառը, Երուսաղեմը խիստ արտահայտված դիմագիծ ունի, իսկ արդեն Թել-Ավիվում ամեն ինչ խառնված է իրար»,-ասաց լեհ կինոռեժիսորը։ Նա նաեւ նշեց, որ իրեն առավել շատ դուր են գալիս Երեւանի մարդիկ։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է Քշիշտոֆ Զանուսսի «Փոխայց» ֆիլմը։