Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպը վկայում է, որ «ղարաբաղյան կլանը» փորձում է բռնատիրական կարգեր հաստատել եւ Արցախում, եւ Հայաստանում: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նրա խոսքով` այդ կլանի ցանկությունը մեկն է` ամեն ձեւով պահպանել իշխանությունը:

«Կարծիքը, որ այս միջադեպով սեպ է խրվում հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ, եւ այստեղ մեղադրվում է հասարակ քաղաքացին, անհատը, սխալ է: Սեպ խրողը կլանն է: Այս կլանը չի հասկանում, որ այս կերպ մեր երկիրը կորցնում է իր վարկանիշը»,- ավելացրեց ՀԱԿ վարչության անդամը:

Զոյա Թադեւոսյանի կարծիքով` այս միջադեպն ապացուցում է նաեւ, որ այս կլանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենց սեփականությունն է. «Այստեղ սադրանք չի եղել, տեսանյութն էլ է դա ապացուցում: Ոստիկանության նպատակն էլ ցույց տալն էր, որ իրենք հանդուգն են, անում են այն, ինչ ուզում են»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: