«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին այսօր՝ փետրվարի 4-ին, կանչել են Հատուկ քննչական ծառայություն:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Նա նշեց, որ այսօր ծանուցագիր է ստացել եւ ժամը 16.00-ին հրավիրվել հարցաքնության որպես վկա: Տիգրան Խզմալյանը ՀՔԾ կգնա փաստաբան որդու հետ: Ամենայն հավանականությամբ, Տիգրան Խզմալյանը կհարցաքննվի Գյումրիի սպանդից հետո Երեւանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՌԴ դեսպանատան մոտից իրեն բերման ենթարկելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ այդ օրը հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Բերման ենթարկվեցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ մեկ ակտիվիստ: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից բերման ենթարկեցին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին եւ եւս մեկ ակտիվիստի: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին բերման ենթարկելուց 3 ժամ անց բաց են թողել ոստիկանությունից: NEWS.am-ի հետ զրույցում կինոռեժիսորն ասել էր, որ  ոստիկանությունում խոսել է միայն ռուսերեն եւ հայտարարել, որ ինքը Վալերի Պերմյակովն է: