«Հիմնադիր խորհրդարանի» հետ կապված Բերձորի միջադեպը լուրջ սեպ էր հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
«Այն ինչ վերջին մեկ տարում կատարվում է Հայաստանում շատ վտանգավոր է եւ Հայաստանյան իշխանությունների պահվածքը Բերձորում դա մեր ամոթն է, մեր խայտառակությունը։ Ես չեմ արդարացնում, չեմ ասում ճիշտ էր գնալը, թե՝ ոչ, բայց այն ինչ կատարվեց դա գալիս էր Երեւանից եւ Ղարաբաղը նման դաժանությամբ միջոցառում չէր կարող անել»,- ասաց Պետրոս Մակեյանը։
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, դեպի Արցախ կազմակերպված «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը անտրամաբանական էր, իսկ իշխանությունները նրանց նսեմացնելու մտադրություն չեն ունեցել։
«Ես գտնում եմ, որ այս իրավիճակում սխալ էր, որ իրենք գնացել են երթով եւ նման կարգախոսը շատ սխալ քաղաքական քայլ էր եւ քննադատելի։ Եւ ես չեմ կարծում եւ չեմ հավատում, որ իշխանությունները հատուկ այդպիսի բան կազմակերպել են։ Ամեն դեպքում չէ, որ իշխանությունը հատուկ հանձնարարություն է տալիս»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ իշխանություններին միշտ կարելի է մեղադրել, եթե արված հայտարարութունները չեն դիտարկում հերթականության մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ հունվարի 31-ին, «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:
ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։
«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:




























