Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության հաջորդ օրը ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ Մարտուն Գրիգորյանը, որը երաշխիք էր կանգնել երիտասարդների համար, թող գնա այսօր նրանց տեր կանգնի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
«Գյումրիում մի պրոցես էր գնում, երբ ոճրագործությունից ըմբոստացած ջահելությունը իր խոսքն էր ուզում հասցնել, եւ այն, որ նրանք գնում էին դեպի ՌԴ հյուպատոսություն, դա հետեւանք էր մեր իշխանությունների խղճուկ պահվածքի։ Հիմա էլ ոստիկանությունը ջահելներին հատիկ-հատիկ հավաքում, տանում է, հարցաքննում, նսեմացնում, որ այլեւս հանկարծ չփորձեն ոտքի կանգնել։ Բարգավաճի պատգամավորն էլ գարանտ էր կանգնած, էսօր թող գնա ամեն մեկին տեր կանգնի»,- ասաց Պետրոս Մակեյանը։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի կարծիքով՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ չպետք է գնար։
«Գյումրիի դեպքերի ժամանակ ոչ մի քաղաքական դեմք չպետք է երեւար, այնտեղ հարգված մարդ էր Շիրակի թեմի առաջնորդը, նրա խոսքը լսելի էր, եւ նույնիսկ ինձ համար շատ հարգելի Զարուհի Փոստանջյանը, որն ամեն տեղ հայտնվում է ժողովրդի թիկունքին կանգնած, ինքն էլ չպետք է գնար այնտեղ»,- ասաց Պետրոս Մակեյանը՝ նշելով, որ եթե ժամանակին միջազգային պայմանագրով սահմանված կարգով հանցագործը հանձնվեր ԱԱԾ-ին, նման բաներ տեղի չէր ունենա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են:





























