Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Գեղամ Հարությունյանի խոսքով՝ կատարվածը հանգամանորեն է քննվելու եւ համապատասխան մարդիկ քրեական, վարչական եւ կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու:
«Ամբողջ ինստիտուտի ղեկավարության, դասախոսական եւ սպայական կազմի վրա է ընկնում նաեւ բարոյականության պատասխանատվության բեռը: Սա հասկանալի է բոլորին: Հիմա կապված ինստիտուտի հետ՝ ուրիշ դեպքերում մենք բողոքում ենք, որ պաշտոնյաների երեխաները չեն ընտրում զինվորական դառնալու մասնագիտությունը եւ առհասարական կուրսանտ դիմելու սոցիալական կազմն ուսումնասիրելով՝ այն չէ, ինչ դուք եք ասում: Իհարկե, գործում կա պետի տեղակալի որդի, սա ոչ ոք չի հերքում: Բայց այս ինստիտուտը անգործ չէ, տալիս է սահմանը պաշտպանող զինվորականներ, հենց օրինակ՝ Զորիկ Գեւորգյանը, Հայկ Խալաթյանը»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Հիշեցնենք, որ Հայկազի հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ տղային սպանել էին դաժանորեն, սուր կտրող գործիքը մտցրել թեւը: Ըստ փորձաքննության՝ Հայկազը մահացել է մեխանիկական շնչահեղձ լինելուց, ինչի պատճառով հարազատները կարծում են, որ ծառայակիցները նախ ծեծել են տղային, ապա տարել, կախել ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նա ինքնասպան է եղել: Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:
Հայկազ Բարսեղյանը Արարատի մարզի Նիզամի գյուղում, ընտանիքի ավագ որդին էր, նա երկու եղբայր ունի՝ 8 եւ 12 տարեկան: Հայկազի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում:





























