Տավուշի մարզի Մովսես գյուղում այսօր՝ փետրվարի 4-ին, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրասյանը նույն գյուղի բնակիչ է, վիրավորվել է իրենց այգում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը երեք կրակոց է արձակել, որից մեկը կպել է ծերունու ոտքին:
«Լեւոն Անդրեասյանը գյուղին հարակից տարածքում այգի ունի, որը սահմանին մոտ է: Այսօր գնացել էր այգին մշակելու, ավանակից իջել է եւ այդ պահին կրակոցները հնչել են: Մեկը Լեւոնին է կպել, մյուսը՝ ավանակին, իսկ երրորդն էլ ընկել է գետնին»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ 85-ամյա ծերունին ապրում է կնոջ հետ, երկու որդիները Երեւանում են բնակվում:
Նշենք, որ 85-ամյա ծերունուն այս պահին տեղափոխում են Կենտրոնական զինվորական հոսպիտալ:





























