Հայաստանի էներգետիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ԱՊՀ Միջպետբանկի հետ՝ «Նաիրիտ» ՓԲԸ 90 տոկոս բաժնետոմսերի շուրջ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։
Ի պատասխան ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, թե Հայաստանի կառավարությունը պետք է մնա առնվազն 90 տոկոս բաժնետոմսերի տերը, որոնք կառավարման էին հանձնվել Rhinoville ընկերությանը։ Սակայն, քանի որ ընկերությունը չի կատարել ներդրումային պարտավորությունները, անհրաժեշտ է սկսել բաժնետոմսերի վերադարձման գործընթաց։
Զախարյանը պատասխանել է, թե Կենտրոնական բանկն ու կառավարությունը բանակցում են բաժնետոմսերը գրավից հանելու շուրջ։ «Մենք կարծում ենք, որ առաջիկա ամիսներին հարցը դրական լուծում կստանա»,- ասել է նախարարը։
Նշենք, որ «Նաիրիտը» չի գործում 2010թ. ապրիլից, իսկ մինչ այդ քլորոպրենային կաուչուկ է արտադրել եւ Հայաստանի ամենախոշոր արտահանողներից էր։ 2006 թվականին բաժնետոմսերը 40 մլն դոլարով հանձնվել էին Բրիտանիայում գրանցված Rhinoville անհայտ ընկերությանը։ 2014թ. Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր ԱՊՀ Միջպետբանկի հայցը՝ Rhinoville-ից 107,95 մլն դոլար պարտքը գանձելու շուրջ։





























