Արտակ Բուդաղյանի գործով այսօր` փետրվարի 4-ին, ցուցմունք է տվել Սուրիկ Խաչատրյանի տան աշխատակցուհին՝ Կարինե Հարությունյանը, որը պատմել է 2013թ.-ի հունիսի 1-ին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին:
Վկան նշել է, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի օրը տուն է վերադարձել ալկոհոլի ազդեցության տակ: «Լավ խմած էր` եկավ տուն, նստեց բազմոցին, հետո տիկին Լորետան ինձ ասաց, որ միրգ բերեմ, երբ հետ եկա, նա արդեն քնել էր, դրսում աղմուկ լսեցի, դուռը փակեցի եւ բակ դուրս եկա»,- դատարանում պատմել է վկան:
Կարինե Հարությունյանը նաեւ նկարագրել է, թե ինչպես է Ավետիք Բուդաղյանը եկել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ. «Ավետիքը երբ եկել է, նրա ձեռքին զենք է եղել, մի ձեռքով նա զենքը պահել է եւ սպառնացել, որ կկրակի, մյուս ձեռքով հրել է եղբորը՝ Արտակին, որ հեռացնի»:
Գործով վկան նաեւ նշել է, որ երբ Ավետիքը կրակել է Նիկոլայ Աբրահամյանի վրա, վերջինս վատ է զգացել եւ ասել, որ մեռնում է, ինքը քիչ հեռու գտնվող զենքը վերցրել է, վախեցել է, որ որեւէ մեկը նորից կվերցնի եւ կկրակի. այս ու այն կողմ է վազվզել, հետո մաքրել է մատնահետքերը եւ ավելի ուշ այն փոխանցել ոստիկանությանը:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե արդյոք վկան տեսել է` ինչպես է Ավետիքը կրակել Աբրահամյանի վրա, Կարինե Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, պարզապես նրանք մոտ են եղել եւ ենթադրում եմ, որ Ավետիքն է կրակել»:
Դատարանում վկան պատմել է, որ երբ Ավետիք Բուդաղյանը եկել է Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, զենքը ձեռքին սպառնացել է, որ կկրակի, եթե որեւէ մեկը մոտենա:
Դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը հրապարակել է վկայի դեպքից երկու օր հետո՝ հունիսի 3-ին, նախաքննության ընթացքում տված ցուցմունքից հատված: Վկան նկարագրել էր Ավետիք Բուդաղյանի գալը, որտեղ զենքի եւ Ավետիքի կրակելու սպառնալիքների մասին ոչինչ չի հիշատակվել: Ալումյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ դեպքից երկու օր անց վկան ոչինչ չի պատմել այդ կարեւոր իրադարձության մասին, նշել է միայն Ավետիքի եւ Լորետայի խոսակցության մասին, զենքի եւ սպառնալիքի մասին խոսք չկա, Կարինե Հարությունյանը պատասխանել է, որ հավանաբար իրեն չեն հարցրել, ինքն էլ չի պատասխանել, նաեւ ավելացրել է՝ «կարող ա ասել եմ, բայց չեն գրել»:
Մեղադրող կողմը հրապարակել է վկայի նախաքննական ցուցմունքը, որում Կարինե Հարությունյանը պատմել էր, որ վիճաբանության ժամանակ Արտակի ընկնելուց հետո Ավետիքը զենքը պարզել է եւ ասել`«Տիգրան, քո մերը» եւ եկել դեպի Տիգրան Խաչատրյանը: Ալումյանի հարցին, թե ինչպես է ստացվել, որ դեպքից երկու օր հետո վկան չի հիշել այդ մասին, հետո հիշել է օգոստոսին, բայց դատարանում կրկին չի հիշել այդ փաստը: Ալումյանի հարցադրմանը, թե Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բոլոր անդամները Ավետիքի զենքի եւ սպառնալիքի մասին ինչի են հիշել են օգոստոսին եւ արդյոք դա խորհրդակցության արդյունքում է որոշվել, վկան նշել է, որ դա զուգադիպություն է:
«Ես այսօր տասն անգամ հարցրի, թե Արտակի ընկնելուց հետո Ավետիքն ինչ է արել, նշեցիք որ չեք հիշում, ինչպես եղավ, որ օգոստոսին հիշեցիք, այսօր նորից չհիշեցիք, մինչդեռ ցուցմունքում նշել էիք, որ զենքը ձեռքին Տիգրանին սպառնացել»,- հարցրել է Ալումյանը, ինչին վկան պատասխանել է, թե երկար ժամանակ է անցել, չի հիշում մանրամասները:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Նույն օրը գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել , իսկ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:





























