Երկրագնդի ամենատարեց տղամարդը՝ ճապոնացի Սակարի Մոմոին հինգշաբթի նշում է ծննդյան 112-րդ տարեդարձը։ Աշխարհի ամենաերկարակյաց տղամարդը անցկացրել է տարեդարձը իր ընտանիքի հետ Տոկիոյի հատուկ բուժհաստատություններից մեկում։ Նշենք, որ Սակարին գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

«Մեզ համար կարեւոր է, որ մեր ընտանիքի հարգարժան նահապետը գտնվում է հանգիստ եւ հոգեպես խաղաղ վիճակում»,- հայտարարել են նրա հարազատները։

2014թ. օգոստոսին Գինեսի ռեկորդների գիրքը պաշտոնապես գրանցեց Մոմոին՝ իբրեւ երկրագնդի ամենատարեց տղամարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

Սակարի Մոմոին ծնվել է 1903թ. ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսարեւլյան Ֆուկուսիմա նահանգում։ Ողջ կյանքի ընթացքում նա դասավանդել է ագրոքիմիա եւ որպես տնօրեն աշխատել մի շարք դպրոցներում։ Նրա միտքը հստակ գործում է. տղամարդը ինքնուրույն  գրքեր է կարդում եւ հետեւում սպորտային հաղորդումներին։