Երկրապահ կամավորականների միության ավելի քան 1000 անդամներ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ օրերս մեկնել էին Արցախ՝ զորամասեր, մարտական դիրքեր:

NEWS.am-ի հետ զրույցում ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը հայտնեց, որ նախապես ծրագրվել էր, որ Արցախ կմեկնեն մոտ 200 հոգով, սակայն, մասնակցելու ցանկություն հայտնեցին հազարավոր երկրապահներ:

«Բոլորին միանգամից դիրքեր բարձրացնելն այս պահին անիմաստ կլիներ: Այդ պատճառով՝ մեկնեցինք 1 000 հոգուց բաղկացած ներկայացուցչական պատվիրակությամբ, որում ընդգրկված էին ինչպես բոլոր տարածքների ներկայացուցիչներ, այնպես էլ երկրապահի բոլոր սերունդները՝ պատանի երկրապահներ, երիտասարդ երկրապահներ եւ արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, այդ թվում՝ տասնյակ հրամանատարներ»,- ասաց նա:

Խորհրդականի խոսքով՝ ԵԿՄ նախագահը երկրապահական առավել ընդլայնված ներկայացուցչության հետ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանը մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ Երկրապահը հավատարիմ է երդմանն ու մշտապես հայ զինվորի կողքին է: «Արցախի նախագահը, բարձր գնահատելով երկրապահական այս նախաձեռնության նշանակությունը, ընդգծել է, որ ԵԿՄ շունչն ու աջակցությունը արցախցին մշտապես էլ զգում է: Նախագահ Բակո Սահակյանը նաեւ փաստարկված կերպով ներկայացրել է, որ Արցախի տնտեսությունը թեկուզ ոչ շատ արագ տեմպերով, բայց հաստատուն աճում է»,- ասաց Վարդանը: