Ադրբեջանի քաղաքացիներն այսուհետ պարտավոր են իշխանություններին հավատարիմ մնալու երդում տալ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հրաման է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 14 տարին լրացած բոլոր մարդիկ պետք է քաղաքացու հավատարմության երդում տան։
Երդումը լինելու է պետական լեզվով եւ ունենալու է հետեւյալ բովանդակությունը. «Ես՝ (Անուն, Ազգանուն, Հայրանուն), իբրեւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, այլ պետության հանդեպ քաղաքացիական պարտավորություններ չունեմ։ Պարտավորվում եմ հետեւել Ադրբեջանի Սահմանդարությանն ու օրենքներին,հավատարմորեն ծառայել ադրբեջանական պետությանը, պաշտպանել նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հարգել Ադրբեջանի մշակույթն ու ավանդույթները»։
Երդման արարողությունը կկայանա պաշտոնական մթնոլորտում Ադրբեջանի դրոշի կողքին՝ ձեռքը դրած Ադրբեջանի Սահմանադրությանը։
Երդում տված յուրաքանչյուր քաղաքացի կստորագրի համապատասխան փաստաթուղթ, որը կպահվի գործադիր իշխանության համապատասխան մարմիններում։





























