Գյումրիում Ավետիսյանների հուղարկավորության հաջորդ օրը տեղի ունեցած բախումների գործով ձերբակալված Մնացական Ալեքսանյանը դեռ ցուցմունք չի տվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Մնացականի փաստաբան Հայկ Հարությունյանը:
Փաստաբանը նշեց, որ երեկ ուշ երեկոյան հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
«Մնացականին ոչ կասկածյալի, ոչ էլ ձերբակալման արձանագրություն չեն ներկայացրել: Չեմ կարող ասել, թե ինչում են նրան մեղադրում, փաստաթղթերն էլ այսօր եմ վերցրել, դեռ չեմ ծանոթացել: Ամեն դեպքում ձերբակալել են ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 316-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:





























