ՀՀ կառավարության Պետաիրավական վարչության նիստում այսօր՝ փետրվարի 5-ին, քննարկվելու է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած եւ ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծի քննարկումը ՀՀ կառավարությունում, ՀՀ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովներում եւ որպես օրենք ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունումը՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման 100-ամյա տարելիցին, այսօրվա քաղաքական եւ հասարակական կարեւորագույն օրակարգն է եւ պետք է ներառվի համահայկական պետական եւ ազգային նոր հայեցակարգի հիմքում:
Հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետությունների կողմից հայերի ցեղասպանության եւ հայրենազրկման իրողությունների ժխտումը, ցեղասպան քաղաքականության շարունակումը, պատմական փաստերի նենգափոխումը եւ հակահայկական բազմաթիվ այլ գործողությունների սանձազերծումն օրակարգային են դարձրել հայ ժողովրդի կողմից իր հայրենիքի տարածքների ազատագրումը նաեւ օրենքի ուժով ամրագրելու հաստատակամությունը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը կոչված է սպասարկելու այդ խնդիրը:





























