Հայաստանի Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանը այժմ գտնվում է Գյումրիում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ այժմ Շիրակի մարզի դատախազությունում անց է կացվում խորհրդատվություն: Դատախազի տեղակալը գնացել է  մասնակցելու 2014թ ամփոփիչ խորհրդակցությանը: ՇՄ դատախազները ամփոփիչ հաշվետվություն են ներկայացնում:

Հիշեցնենք, որ մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: