«Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներ՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Գրիգորյանին, որոնց այսօր՝ փետրվարի 5-ին, Հանրապետության հրապարակից ոստիկանությունը բերման էր  ենթարկել, 3 ժամ անց ազատ են արձակվել:

Ազատ արձակվելուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած բացօթյա ասուլիսին միացած Գեւորգ Սաֆարյանը լրագրողներին պատմեց, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ, թեեւ իր խոսքով ոստիկանությունը որեւէ պահանջ չի ներկայացրել: 

«Առավոտյան, երբ մենք մեր մեքենաները բերել, կանգնեցրել էինք, ոստիկանությունը մեծ ուժերով հայտնվեց եւ մեքենաները հանեց այստեղից, որպեսզի նախ ասուլիսը խափանի, երկրորդ՝ ասուլիսի ժամանակ մեքենաներն այստեղ չլինեն, եւ հասարակությունը չտեսնի այդ վանդալիզմը: Առանց որեւէ հիմնավորման մեզ բերման ենթարկեցին, տանելուց հետո 3 ժամից ավելի իրավունք չունեին մեզ պահելու: Նստած սպասում էին, որ երեք ժամը լրանա, որ բաց թողնեն»,- լրագրողներին ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ ոստիկանությունում ինքը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել: Ակտիվիստը հերքեց այն տեղեկությունը, որ բերման ենթարկելիս ոստիկանները հարվածել են իրեն:

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Գեւորգ Սաֆարյանին բերման ենթարկելիս ոստիկանները ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» մտադիր էր այսօրվա բացօթյա ասուլիսին հրապարակում ցուցադրության դնել հունվարի 31-ին Բերձորում ոստիկանական ուժերի վնասած իրենց ավտոերթի մասնակիցների մեքենաները։ Վաղ առավոտից ոստիկանությունը խոչընդոտել էր այս նախաձեռությունը, մի քանի ավտոմեքենա տուգանային հրապարակ տեղափոխելով եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման ենթարկելով։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով: