Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Գ.Սիմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Լ.Նասլյանը, 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն հայհոյելու հանգամանքը պարզաբանելու պատճառով վիճաբանել է համագյուղացի Գ.Սիմոնյանի հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին։ Հարվածների հետեւանքով Սիմոնյանին պատճառվել են գանգուղեղային բաց բութ վնասվածքներ, աջից ճակատային շրջանի եւ ձախից ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, աջից ճակատոսկրի եւ քունքոսկրի կոտրվածքներ, սեպոսկրի կոտրվածք, ձախից ծոծրակոսկրի կոտրվածք, ձախ քունքոսկրի բրգի եւ պտկաձեւ ելունի կոտրվածք եւ այլ վնասվածքներ, որոնք դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել են կյանքի համար վտանգավոր:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Նասլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: