Խոշոր արտահանողներին աջակցող նոր օրենքը ոչ մի դեպքում չպետք է խանգարի մյուսներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նախատեսում է դրույքաչափը 20%-ից դարձնել 2%, բայց միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան արտահանում են ավելի քան 50 մլրդ դրամի ապրանք (105 մլն դոլար):
Բաղդասարյանի խոսքով՝ օրինագծի գաղափարը պետք է ողջունել. սա փորձ է գրավելու խոշոր արտահանող ընկերություններին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն եւ ավելի շատ հարկեր կվճարեն: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ սա ավելին է, քան այդ արտոնությունները:
«Այս օրինագիծը երկարաժամկետ քաղաքականության բաղադրիչներից է, որը միտված է վաղվա օրվան»,- ավելացրել է Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ պետք է պաշտպանել նաեւ մյուսների շահերը, այդ պատճառով պետք է լսել եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչների առաջարկները: Օրինակ, արժե վերանայել տարբեր ճյուղերի համար հարկային արտոնությունների դիֆերենցված շեմ սահմանելու հնարավորությունը:
«Ինքս չեմ կարծում, որ կառավարությունը այս արտանությունները տրամադրում է հատուկ մարդկանց համար: Ինքս միշտ էլ դեմ եմ եղել կոնկրետ անձանց տնտեսական արտոնություններ տրամադրելուն: Պետք է պարզապես այնպես անել, որ մեկին օգնող օրենքը մյուսին չխանգարի»,- եզրափակել է Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ Հայաստանում ներկայումս միայն Զանգեզուրի պղնփամոլիբդենային գործարանի տարեկան արտահանման ծավալներն է գերազանցում է 50 մլրդ դրամը:





























