«Բարգավաճ Հայաստան» կուսակացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի շուտ պատրաստվում է հերթական, քան արտահերթ ընտրություններին։ Այս մասին փտրվարի 5-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ փորձագետների մասնակցությամբ Ծառուկյանի հրավիրած խոհրդաժողովի ժամանակ նրա ելույթը։

Իր ելույթում Ծառուկյանը նշել էր, որ եթե իշխանությունները ժողովրդի պահանջներին ընդառաջ չգնան, իրեն ոչինչ չի մնա, քան պահանջել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում։

Պատասխանելով   այն հարցին, թե Բաղդասարյանը նման խորհրդաժողովներում եւ արված հայտարարություններույմ արդյոք  վտանգ չի տեսնում, պատգամավորը նշել է, թե վախեցնելու փորձը երկխոսության ամենալավ տարբերակը չէ։

«Այն պահից սկսած՝ ինչ ես խորհրդարանում եմ, ընդդիմությունը միշտ սպառնում է։ Եվ ի՞նչ։ Մենք պետք է վախենա՞նք։ Կարծում եմ, խնդիրն այլ է։ Մենք պետք է միշտ զգոն լինենք եւ լուծենք բոլոր հնարավոր խնդիրները՝ լինեն դրանք տնտեսական, թե արտաքին քաղաքական բնույթի»,- եզրափակել է Բաղդասարյանը։