Կառավարությունը գոնե այս փուլում պետք է խուսափի գազի գնի թանկացումից։ Այս մասին Վրաստանի կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվլին, հաղորդում է  «Գրուզիա Օնլայնը»։

Նրա խոսքով՝ ինքն արդեն հանձնարարել է տնտեսական  հարցերով հանձնաժողովին մանրամասն ուսումնասիրել հարցը, որից հետո կառավարությունը կփորձի ուղիներ գտնել գազի գնի թանկացումից խուսափելու համար։ Վարչապետը նաեւ հանձնարարել է կառավարության անդամներին բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ՝ հետաձգելու համար գազի թանկացումը։

«Մենք հանդիպել ենք SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ներկայացուցիչների հետ, եւ նրանք պատրաստ են պայմանավորվել այս հարցի կապակցությամբ։ Կոչ եմ անում երկու փոխվարչապետերին տնտեսական հարցերով խորհրդի հետ համատեղ շտապ կերպով լուծել այդ հարցը։ Հնարավոր է, մենք խնդրանքով դիմենք ադրբեջանական կողմին գործընթացը հետաձգելու համար։ Կարծում եմ, գազի գնի թանկացումից խուսափելու որոշակի ուղիներ կան»,- հայտարարել է վարչապետը։

Նշենք, որ «Կազտրանսգազ Թբիլիսին» իրավաբանական անձանց համար բարձրացնում է բնական գազի սակագինը։