Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը Պերմյակովի գործի վերաբերյալ անթույլատրելի էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հասարակության մեջ կրքեր բորբոքվեցին հենց գլխավոր դատախազի հայտարարությունից հետո, եւ ժողովրդի դժգոհությունը բնական ու ակնհայտ էր: Այն հանգեցրեց անկառավարելի գործընթացի եւ բռնության, որը նույնպես անընդունելի է մեզ համար»,-նշել է Ռուստամյանը՝ հավելելով, որ

ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում հետեւել է այդ իրադարձություններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքից 7 օր անց մահացել է:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: