Գյումրիում տեղի ունեցածը՝ քնած ընտանիքի երեք սերունդների դաժան սպանությունը, եւս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ մեր ազգային պետականությունը դեռեւս կայացման փուլում է: Այս մասին Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք, ըստ էության, որպես պետական ազգային շահ սպասարկող, հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանող գործող պետական համակարգ, բացի ազգային բանակից, չունենք այլ միավոր: Գյումրին ի ցույց դրեց, որ մեր պետության մեջ չի գործում ազգային իշխանությունը, բացակայում են գործադիր, օրենսդիր եւ դատական կառույցները:
«Եթե հայ մայրերը չզոհաբերեն իրենց զավակները, կորսված է բոլորիս թէ կյանքը եւ թե պատիվը, գիտակցելով պահի կարեւորությունը միշտ եւ այսօր հայ մարդը զգում է իր կոչման բարձրությունը եւ կատարում է իր սուրբ պարտականությանը»:
Ժողովուրդը գիտակցում է իր սուրբ պարտականությունը՝ պահանջելով հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը եւ իրավունքները՝ մեղադրյալներին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ նրանց նկատմամբ, հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի՝ կայացնել դատավճիռ:
Արցախի Հանրապետությունում սույն թվականի հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որի համար Արցախի Հանրապետության իշխանությունները կրում են պատասխանատվություն: Անկախ այն հայտարարություններից, որոնք հնչեցին Արցախի իշխանությունների կողմից, եւ որոնք բավարար գնահատական չեն տալիս տեղի ունեցածին եւ չեն վերացնում ապօրինության հիմքերն ու հետեւանքները, միեւնույն է՝ հայ ժողովուրդը միակամ է եւ հետամուտ ազգային միասնական պետականություն ունենալու իր գաղափարին:
Տեղին եմ համարում խոսքս ավարտել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձով՝
«Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ: Փետրվարը բարով բացվի»:





























