Քննչական կոմիտեն կարճել է Երեւանի բնակիչ, 35-ամյա Ն.Ն-ից նորածին երեխային առեւանգելու փաստով հարուցված քրեական գործը, քանի որ պարզվել է, որ երեխային ոչ թե գողացել են, այլ մայրը նրան ինքնակամ է հանձնել 60-ամյա Էդիսոն Ադյանին։ Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Դավիթ Կարապետյանը։

«Ն.Ն-ն ինքնակամ է հրաժարվել երեխայից, եւ 25 000 դոլար է պահանջել Ադյաններից, ասել է` չտաք, կտեսնեք` ինչ եմ բերելու գլխներիդ», - ասաց դատախազը:

Դավիթ Կարապետյանը նաեւ նշեց, որ բողոք ներկայացնող կողմը կարող է քաղաքացիական հայցով ամիսների ընթացքում հետ բերել երեխային, սակայն, ըստ նրա, քաղհայց չեն ներկայացնում, քանի որ քրգործը գումար կորզելու լավ տարբերակ է։

Ն.Ն.-ն մեզ հետ զրույցում, ասաց որ քաղաքացիական հայց չի ներկայացնում, քանի որ ցանկանում է բոլոր մեղավորներին պատժված տեսնել:

«Առքուվաճառքի պայմանավորվածություն չի եղել, ստորագրությունը խաբեությամբ են ինձնից կորզել, ստորագրել եմ առանց կարդալու, քանի որ երեխայիս արդեն տարել էին, հոգեկան վատ վիճակում էի, անմիջապես ոստիկանություն չեմ զանգել, որովհետեւ շատ վախեցած էի, Էդոն, նրա եղբայր Յուրան ինձ միշտ սպառնացել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ն-ն:

Դատական նիստը հետաձգվեց, երբ հայցվոր կողմը ցանկություն հայտնեց այլ պաշտպան ներգրավել, քանի որ իր պաշտպանը մասնագիտացված է քաղաքացիական եւ վարչական գործերով:

Ն.Ն.-ի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ նրանից խաբեությամբ կորզել է ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը 1-ամյա Արթուրի օրինական հայրն է ճանաչվել:

Էդիսոն Ադյանը, սակայն, պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Այսօր դատարանում հրապարակված նրա նախաքննական ցուցմունքում ասվում էր, որ 2012թ. աշնանը Զեյթունի 8-րդ հիվանդանոցում ծանոթացել է Ն.Ն-ի հետ, միասին գնացել են Աբովյան քաղաքում գտնվող մի բնակարան, որտեղ տեղի ունեցած սեռական հարաբերությունից հետո Ն.Ն-ն հղիացել է։ Ն.Ն-ն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: