Թայլանդի արքայազն Մահի Վաչիրալոնգկորնի սիրելի շանը դիակիզել եւ հուղարկավորել են: The Guardian-ի փոխանցմամբ, Ֆու Ֆու անունով պուդելը, որին տերն ավիացիայի մարշալի կոչում էր շնորհել, մահացել է 17 տարեկանում:

Շան հուղարկավորությունը կատարել են բուդդայականության կանոններին համապատասխան, մահից չորս օր անց:

Կենդանու մահից հետո սոցիալական ցանցերի օգտատերերն ակտիվացրել են հպատակների շրջանում մեծ ժողովրդականություն չվայելող Մահի արքայազնի հասցեին քննադատությունը: Նրանք կենդանու մահվան մասին արտահայտվել են չափազանցված ողբերգականությամբ՝ սարկազմի ոճով: Երկրի օրենսդրության համաձայն, Թայլանդի թագավորական դինաստիայի բացահայտ քննադատությունն արգելված է:

Lenta-ի փոխանցմամբ, կենդանության օրոք մարշալ Ֆու Ֆուն պաշտոնական միջոցառումներին մասնակցում էր զինվորական համազգեստով: