Խաղող աճեցնող գյուղացիական տնտեսությունները մտավախություն ունեն, որ այս տարի խաղողի մթերման գինը կկազմի 50 դրամ, նախորդ տարվա 110 դրամի համեմատ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց գյուղատնտես Աշոտ Սարգսյանը։ Այն հարցին, թե աջակցության համար գյուղացիները ինչո՞ւ չեն դիմում գյուղատնտեսության նախարարին, Սարգսյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ալավերդյանին ո՞վ հաշվի առավ։ Անցյալ տարի ասաց 130-ով խաղող կընդունեն, ընդունեցի՞ն։ Նա վատ կազմակերպիչ է...»

Խաղողի մթերումները դեռ չեն սկսվել, սակայն գյուղացիները համոզված են, որ այն հաջող չի ընթանալու։ Պատճառը ինչպես բարձր բերքն է, այնպես էլ գործարանների կողմից խաղողի սեփական այգիների հիմնումը։ Սարգսյանի տեղեկացմամբ՝ այսօր խաղող մթերող գործարանները առաջին հերթին օգտվում են իրենց սեփական կամ աշխատակիցներին պատկանող այգիներից, ինչը նորմալ երեույթ է՝ ողջ աշխարհում էլ գինու գործարանները հիմնականում սեփական այգիների բերքն են մշակում։ Այդ պատճառով, ըստ գյուղատնտեսի, Հայաստանի կառավարությունը պետք է փնտրի իրացման այլ գոտիներ։ Օրինակ, այս տարի Ուկրաինայում ցրտահարվել է խաղողի համարյա ողջ բերքը։ Խաղողի արտահանման մեծ պոտենցիալ ունի նաեւ ռուսական շուկան։ Նշենք, որ 2009 թ. հոկտեմբերին Վրաստանի կառավարությունը արգելեց հայկական խաղողի ներկրումը Վրաստան՝ պատճառաբանելով, որ դրա հետեւանքով տեղական խաղողը չի իրացվում։

Հայաստանի խաղողագործների մի մասն արդեն ահազանգում է, որ կքանդի խաղողի այգիները, եթե հնարավոր չլինի բերքն իրացնել կայուն գներով։ Երեւանի կոնյակի «Արարատ» գործարանը (ԵԿԳ) արդեն հայտարարել է, որ գյուղացիական տնտեսությունների հետ վերանայում է պայմանագրերը` նախորդ տարվա համեմատ գնման ծավալները կրճատելով  20-22 տոկոսով։ Սակայն մթերման գներն անցյալ տարվա համեմատ չեն նվազեցվի. Արարատյան դաշտում այն 1 կգ-ի համար կազմում է 130 դրամ, իսկ Տավուշում` 120 դրամ: Խաղողագործների հիմնական դժգոհությունը ուղղված է մթերող մյուս գործարաններին, որոնք սպասում են, թե ԵԿԳ-ն երբ է ավարտելու մթերումը, որից հետո կտրուկ նվազեցնում են մթերման արժեքը։

Տարօրինակ երկիր է Հայաստանը։ Որտեղ լինում են տարօրինակ եղանակներ ու հաճախ փչացնում են գյուղացու բերքը։ Բայց պետք է խոստովանել, որ ամենատարօրինակը այս երկրում մարդիկ են. Ցրտահարություն եղավ՝ բերք չկա, մարդիկ դժգոհ են։ Բարենպաստ պայմաններ են՝ առատ բերք կա, մարդիկ էլի դժգոհ են։ Մի անգամ հանճարեղ խոսքեր է ասել սըր Ուինսթոն Չերչիլը՝ Անգլիայի հանրահայտ վարչապետը, բայց ոչ թե մեր, այլ անցյալ դարասկզբի Ռուսաստանի մասին. «Հանճարեղ պետք է լինել, որ ունենալով նման հարուստ երկիր, մարդկանց սովի մատնել»։