«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող ձեռներեց, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, եղբորն առեւանգելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Խաչատրյանը:

«Արձանագրություն եմ թողել, գրել եմ այն, ինչ որ կար: Ես դեպքից գիտեմ միայն այն,  ինչ պատմել են ինձ: Տեղեկացա, որ Արտակը զանգել էր իր ընկերոջը, կցկտուր բացատրել էր, որ իրեն տանում են, հետո էլ չէր կարողացել խոսել»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:

 Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ Արտակը եղել է Նարեկ անունով իր ընկերոջ հետ, որը եղբորը պատմել է, որ դեպքը Տոլստոյի փողոցում է տեղի ունեցել, Արտակին առեւանգել են երեք սեւազգեստ եւ դիմակավորված անձինք:

«Քաղաքացիական ավտոմեքենայով են եղել, ամեն ինչ վայրկյանների ընթացքում է եղել, Նարեկը չի հասցրել ֆիքսել պետհամարանիշը: Նրանցից մեկի մոտ Նարեկը զենք է տեսել: Ոչ մի բացատրություն չեն տվել, կոպիտ ձեւեով նստացրել են ավտոմեքենան եւ տարել են»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` փետրվարի 7-ին, «Շրջանառության  հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականներից Արտակ Խաչատրյանին առեւանգել են դիմակավորված անձիք: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Արտակ Խաչատրյանը զանգահարել էր իրեն, ինքը լսել էր, որ Արտակին ծեծելով նստեցրել են մեքենան, նա գոռացել էր՝ մի խփեք: