Եթե Ռուսաստանի Դաշնությունը Վալերի Պերմյակովին չհանձնի հայկական կողմին, ապա ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանի տարածքից։ Այս մասին այսօր՝  փետրվարի 7-ին, Գյումրիում «Ժառանգություն» կուսակցության վարչության արտագնա  առաջին նիստից առաջ լրագրողներին ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Եթե Ռուսաստանի Դաշնության իշխանությունը հանցագործ հրեշին եւ իր ղեկավարներին  չհանձնի հայոց արդարադատությանը, էս բազան եւ սահմանապահները հետը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա ՀՀ քաղաքացիներին հորդորեց Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների  քառասունքից հետո մեկ մարդու նման պատրաստվել միասնական պայքարի՝ պահանջելով  ոճրագործին հանձնել ՀՀ արդարադատությանը:

«Հասունացել է ժամանակը,  եւ քառասունքից հետո թող ողջ ազգը  եւ քաղաքցիները պատրասռվոն համատեղ միասնական պայքարի, եւ ոչ մեկը թող իմ այս խոսքերը չմեկնաբանի որպես հարգանքի պակաս՝ ոչ ռազմավարական գործընկերոջ, ոչ օտարի, ոչ էլ դե ֆակտո գործող իշխանավորի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Գյումրիում կուսակցության վարչության արտագնա առաջին նիստին մասնակցում են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության մարզային կառույցի անդամները։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ նիստին քննարկվելու են կուսակցության առաջիկա ծրագրերը, նաեւ սպասվող հանդիպումը եռյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» առաջնորդների միջեւ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: