Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ պայքարող Արտակ Խաչատրյանին այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 18։20-ի սահմաններում անհայտ անձինք ծեծված վիճակում թողել են տան դռան առջեւ եւ հեռացել։ Այս մասին Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը հայտարարեց Կառավարության առջեւ, որտեղ այսօր առավոտյան առեւանգված Արտակ Խաչատրյանին գտնելու եւ մեղավորներին պատժելու պահանջով հավաքվել էին մի քանի տասնյակ առեւտրականներ։

«Ծեծված-ջարդված, արյունլվա, կիսագիտակից վիճակում բերել, գցել են դռան դեմը»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ եղբոր առեւանգումն իրենք կապում են նրա հանրային գործունեության, մասնավորապես օրենքի դեմ ակտիվ պայքարի հետ։

Կառավարության առջեւ մեծ թվով ոստիկաններ կան նաեւ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։