ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը փետրվարի 7-ին հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը եւ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Բոլորս համաձայն ենք այն բանի հետ, որ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական իրադրությունը վատթարանում է, ինչը սպառնում է տարածաշրջանային կայունությանը եւ վտանգում խաղաղ բնակիչների կյանքը»,- ասված հանդիպման մասնակիցների հայտարարությունում:

Դեսպան Կասպրշչիկի դիտարկման արդյունքներով կազմված զեկույցի համաձայն, 2015 թվականի հունվարին 12 զոհ եւ 18 վիրավոր է եղել՝ հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ի վեր: «2014 թվականի հետո, երբ 60 մարդ զոհվեց, մենք անհանգստացած ենք, որ այդ միտումը շարունակվում է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերը պետք է դադարեցնեն ուժային մեթոդներ կիրառել»,- ասված է հայտարարությունում:

Հանդիպման մասնակիցները կողմերին կոչ են արել դադարեցնել ներթափանցումները, թիրախ չդարձնեն գյուղերն ու խաղաղ բնակիչներին, դադարեցնել պատասխան գործողությունների սպառնալիքը եւ անհամաչափ ուժերի կիրառումը, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու եւ հրադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ:

«Մենք անընդունելի ենք համարում այն, որ ԵԱՀԿ դիտորդների դիտարկումների ժամանակ ամբողջությամբ չեն պահպանվում անվտանգության երաշխիքները: Բացի այդ, մենք հաստատում ենք համատեղ հայտարարությունը, որով հանդես են եկել համանախագահ երկրների պետությունների ղեկավարները Բազելում կայացած Նախարարների խորհրդի ժամանակ, որը կողմերին կոչ է անում կարգավորել մարդասիրական խնդիրները, այդ թվում մարմինների եւ բանտարկյալների վերադարձը՝ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում ընդունված հայտարարության ոգով»:

Ըստ հայտարարության, Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի լիատակար աջակցությամբ, պատրաստ են բանակցությունների ուժեղացված գործընթաց սկսել, որը կարող է հանգեցնել հակամարտության խաղաղ ավարտին: «Մենք կողմերին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորել՝ անմիջապես եւ առանց արդարացումների այդ գործընթացը սկսելու համար»,- ասված է հայտարարությունում: