Ջերմուկի «Սուրբ Գայանե» եկեղեցում այսօր՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստյան արարողությունը:

Հոգեհանգստին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Նշենք, որ Շեքսպիրի ընտանիքի անդամները, այդ թվում՝ կինն ու որդին, ապրում են ՌԴ Վոլգոգրադում: Նա Հայաստան էր եկել՝ զինծառայություն անցնելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել էին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: